Հայաստանի իշխանությունները և բողոքող ընդդիմությունը պետք է վերջ դնեն հայ հասարակության պառակտմանը. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները և բողոքող ընդդիմությունը պետք է վերջ դնեն հայ հասարակության պառակտմանը։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Հայաստանի իշխանությունները և բողոքող ընդդիմությունը պետք է սկսեն իրենց դիրքորոշումների մերձեցման գործընթացը և վերջ դնեն հասարակության պառակտմանը։ Վերջին ամսվա ընթացքում հասարակությունը բաժանվել է երկու ճամբարների և եկել է ժամանակը, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը համբերատարություն դրսևորի և հաստատի համատեղ աշխատանք», - ասաց նախարարը։
Նրա խոսքերով, երկրում պետական իշխանության հիմքերը տատանելու՝ ընդդիմության անընդմեջ փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և իշխանական ապարատը շարունակում է մնալ կայուն և ամուր։ Սակայն, ինչպես նշեց Օսկանյանը, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով տեղի ունեցավ հասարակության պառակտում, և շատ ժամանակ ու ջանք կպահանջվի դրա հետևանքները վերացնելու համար։
«Իհարկե, Հայաստանում բողոքի ցույցերի անցկացումը, նախագահական ընտրությունների ժամանակ որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկը ապացուցում են, որ Հայաստանում արմատացել է ժողովրդավարական պետություն։ Սակայն բողոքող ընդդիմությունը պետք է իր գործողություններում համբերատարություն և զսպվածություն դրսևորի», - կարծիք հայտնեց նախարարը։
Փետրվարի 19-ին Հյաստանում կայացան նախագահական ընտրություններ։ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:--0-