ՀՀ ոստիկանության աշխատակիցները զինամթերք են հայտնաբերել գլխավոր դատախազի նախկին տեղակալի ավտոմեքենայում
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները զինամթերք են հայտնաբերել երկու ավտոմեքենաների զննման ժամանակ, որոնցից մեկում գտնվում էր ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը։
«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացվել է օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ BMW X5 և ՎԱԶ 21010 ավտոմեքենաներում գտնվողները զինված են և մտադրված են ապակայունացնել հանրապետության մայրաքաղաքում տիրող իրավիճակը», - կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 23-ին տեղական ժամանակով ժամը 23։00-ին Երևանի մոտակայքում՝ Արգավանդի խճուղու մոտ նշված մեքենաները կանգնեցվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից։
Ստուգման ընթացքում մեքենայում գտնվող մարդիկ դիմադություն են ցույց տվել, որի ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության բաժին աշխատակից Ռաֆիկ Մուրադյանը հանկարծակի կրակ է արձակել, որի հետևանքով թեթև վնասվածք է ստացել նույն վարչության աշխատակից Գևորգ Մալխասյանը, երրորդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը և դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջահանգիրյանը։
«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել մեքենայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղական Գագիկ Ջահանգիրյանին, Վարդան Ջահանգիրյանին, Կարեն Հովհաննիսյանին և Լյովա Պողոսյանին»։
«Գագիկ Ջահանգիրյանի մոտ հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ՝ 14 փամփուշտով, որից մեկը փամփուշտակալում։ Վարդան Ջահանգիրյանի մոտ հայտնաբերվել է ՊՍՄ համակարգի ատրճանակ՝ 8 փամփուշտով և ևս 8 փամփուշտով մեկ պահեստատուփ», - տեղեկացրել են մամուլի ծառայությունից։
Մեքենայի զննման ժամանակ հայտնաբերվել է մեկ որսորդական հրացան, «Բրաունինգ» համակարգի ատրճանակ՝ 14 փամփուշտով, որից մեկը փամփուշտակալում, դանակ, ձեռնաշղթաներ և զրահաբաճկոն։
Վարդան Ջահանգիրյանը ձերբակալված է։ Այս փաստով հարուցվել է քրեական գործ։ Հետաքննությունը վարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը։
Շաբաթ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Գագիկ Ջահանգիրյանին ազատելու մասին։
Քոչարյանի մեկ այլ հրամանով Ջահանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին ատյանի պետական խորհրդականի աստիճանից։
ՀՀ դատախազության համակարգից Գագիկ Ջահանգիրյանին հեռացնելու մասին միջնորդությամբ շաբաթ օրը նախագահին է դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Ջահանգիրյանը կոպտորեն խախտել է դատախազներին քաղաքականությամբ զբաղվելու՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված արգելքը, քանի որ շաբաթ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ջահանգիրյանը հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր մտադրության մասին։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որոնց համաձայն՝ ընտրությունների առաջին փուլում ձայների 52,86 տոկոսով հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Տեր-Պետրոսյանը հավաքել է ընտրողների ձայների 21,5 տոկոսը։-0-

