Մարոկկոյի թագավորը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
«Մեծ հաճույքով հղում եմ Ձեզ ջերմագին շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն՝ Ձեր այս վեհ առաքելությունն իրագործելու և հայ ժողովրդի հետագա առաջընթացին ու բարգավաճմանն ուղղված Ձեր ջանքերում»,- ասվում է Մարոկկոյի թագավորի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մարոկկոյի թագավորը նաև գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Նա հույս է հայտնել հետագայում նույնպես փոխգործակցելու և զարգացնելու բարեկամական կապերն ու համագործակցությունը երկու երկրների միջև և նոր ազդակ հաղորդելու հարաբերություններին բոլոր ոլորտներում` ի շահ երկու ժողովուրդների։
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց մասնակցեց ինը թեկնածու։
Հայաստանի ԿԸՀ առաջին վերջնական տվյալներով, ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 863 հազար 544 մարդ (52,86%), իսկ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 մարդ (21,5%)։
Ընտրություններում հաղթելու կապակցությամբ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ընդհանուր քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։--0—