Երևանում ընդդիմության հանրահավաքի հաջողությունը կախված է դրա մասշտաբայնությունից և իշխանությունների դիրքորոշումից. քաղաքագետ

22.02.2008, 17:11
Երևանում ընդդիմության հանրահավաքի հաջողությունը կախված է դրա մասշտաբայնությունից և իշխանությունների դիրքորոշումից. քաղաքագետ
Երևանում ընդդիմության հանրահավաքի հաջողությունը կախված է դրա մասշտաբայնությունից և իշխանությունների դիրքորոշումից. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ընդդիմության հանրահավաքի հաջողությունը կախված է դրա մասշտաբայնությունից և իշխանությունների դիրքորոշումից։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Հենց այս երկու պայմանների վրա են հենվում Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչները»,- ասաց նա։

Իսկանդարյանը նշեց, որ հաջողության հասնելու համար հանրահավաքային ակտիվությունը Երևանում պետք է մեծանա՝ թե քանակական, թե ժամանակային առումով։ «Ընտրությունների արդյունքների փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի 500 հազար մարդ երկու շաբաթ կանգնի հրապարակում»,- ընդգծեց նա։

Երկրորդ, քաղաքագետի խոսքերով, ոչ պակաս կարևոր է իշխանությունների դիրքորոշման հստակեցումը և նրանց կողմից սխալներ թույլ չտալը։ «Նախընտրական շրջանում իշխանությունները  շատ սխալներ թույլ տվեցին, ինչը չի կարելի ասել հետընտրական շրջանի մասին, քանի որ իշխանությունների լռությունը ճիշտ քաղաքական տեխնոլոգիա է»,- կարծում է նա։

Բացի այդ Իսկանդարյանը նշեց, որ արտասահմանից ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները մեծ ազդեցություն չեն թողնում այս գործընթացի վրա, քանի որ գոյություն ունի տեղեկատվական դաշտի կտրտվածություն, ինչի պատճառով էլ տարբեր քաղաքական ճամբարներում տարբեր տեղեկատվություն է շրջանառվում։

Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար, փորձագետ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ տվյալ իրավիճակում կարևոր է ոչ թե ցուցարարների քանակը, այլ որակը։

«Անձնական դիտողություններիս համաձայն, կարող եմ պնդել, որ հրապարակում հավաքվել է բավականին երիտասարդություն, որոնք լի են եռանդով։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ եթե հրապարակում հավաքվի անգամ 50 հազար նման մարդ, ապա հաջողության հասնելու նրանց հեռանկարը բավական մեծ է»,- հայտարարեց նա։

Երևանի կենտրոնում արդեն երրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույց և ուսանողական դասադուլ է տեղի ունենում՝ կազմակերպված ընդդիմության կողմից՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր ակցիաների կազմակերպիչները և մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ, որոնց համաձայն  ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը և հաղթել առաջին փուլում, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5%-ը։--0—