2007 թ.-ի արդյունքներով Հայաստանում հաշվվում է 41 դոլար միջին թոշակ ստացող շուրջ 516 հազ. թոշակառու. վիճակագրություն

2007 թ.-ի արդյունքներով Հայաստանում թոշակառուների թիվը կազմել է 516247 մարդ, որոնց միջին թոշակը 12656,1 դրամ կամ ավելի քան 41 դոլար է կազմում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրության ազգային ծառայությունը՝ հղում անելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ամփոփիչ տվյալներին։
Միաժամանակ, ՀՀ ՎԱԾ-ի տվյալներով՝ 168525 հայ թոշակառու ունի մինչև 26 տարվա աշխատանքային ստաժ և ստանում է միջինում 7345 դրամ (շուրջ 24 դոլար) թոշակ։ Եվս 347722 հայ թոշակառու ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային ստաժ՝ յուրաքանչյուր ամիս ստանալով միջինում 15229,9 դրամ (49,4 դոլար) թոշակ։
2007 թ.-ին թոշակի անցած քաղաքացիների թիվը կազմել է 22714 մարդ, իսկ նրանց թոշակի միջին չափը հասնում է 10235,6 դրամի (33,2 դոլար)։
Վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանում 13379,9 դրամի (43,4 դոլար) ապահովագրական թոշակ է ստանում 469107 քաղաքացի։ Հանրապետությունում հաշվվում է 332300 թոշակառու, որոնք ստանում են 14331,8 դրամի (46,5 դոլար) տարիքային թոշակ, իսկ հաշմանդամության թոշակ ստացողների թիվը 96076 մարդ է, որոնց միջին թոշակը կազմում է 11083 դրամ (35,9 դոլար)։
Միաժամանակ ՀՀ ՎԱԾ-ի տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի արդյունքներով՝ զինվորական թոշակառուների թիվը կազմել է 12009 մարդ, որոնք ստանում են 10675 դրամի (34,6 դոլար) միջին թոշակ։ Միաժամանակ զինվորական թոշակառուներից 11-ը 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությունը վերապրած քաղաքացիներ են։ Այժմ նրանց թոշակի միջին չափը կազմում է 27395 դրամ (88,9 դոլար)։-0-