Երևանում շարունակվում է ընդդիմության բողոքի ցույցը

22.02.2008, 12:10
Երևանում շարունակվում է ընդդիմության բողոքի ցույցը

Երևանում շարունակվում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ցույցը, որոնք պահանջում են վերանայել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները։

Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ 20 վրաններ, որտեղ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները անց են կացրել ողջ գիշերը։

Ցույցի մասնակիցների խոսքերով, գիշերը հանգիստ է անցել՝ առանց  միջադեպերի։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հրապարակում տեղադրված է դաշտային ճաշարան։

Ոստիկանության գնահատականներով՝ այս պահի դրությամբ հրապարակում է գտնվում Տեր-Պետրոսյանի շուրջ 300 կողմնակից։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որի հաղթող է դարձել վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի ԿԸՀ –ն փետրվարի 20-ին քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո հայտարարել է, որ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86%), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%):

Մնացած վեց թեկնածուները 10 %-ից պակաս ձայն են հավաքել։