Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի, շարքային անդամների և աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ։ Ընդունեք մեր բարեմաղթանքներն ու աջակցությունն այն պահին, երբ Հայաստանը թևակոխում է իր պատմության նոր շրջան», - ասվում է շնորհավորական ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հովնանյանը նշել է, որ տարբեր ղեկավար պաշտոններում նախորդ քսան տարիներին վարչապետի փորձը բացառիկ է։ «Ես վստահ եմ, որ Դուք այն լավագույնս կօգտագործեք, որպեսզի հայ ժողովուրդն ունենա այնպիսի ապահով երկիր, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - նշվում է ուղերձում։
Հովնանյանը նշել է, որ նախորդ քսան տարիներին Հայկական համագումարը ծառայել է Հայաստանի ժողովրդին՝ հաստատելով և զարգացնելով իր հարաբերությունները կառավարության գործադիր և օրենսդիր թևերի հետ։
«Միակ նպատակը` ամուր և Հայաստան-ԱՄՆ երկուստեք շահավետ հարաբերությունների ստեղծումն ու զարգացումն է։ Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Ձեզ հետ», - նշվում է ուղերձում։-0-

