ՀՀ պաշտպանության երկու փոխնախարար միացել են ընդդիմությանը. Լևոն Տեր-Պետրոսյանը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության երկու փոխնախարար՝ գեներալ-լեյտենանտներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ առաջին նախաագհ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, Տեր-Պետրոսյանի խոսքով, երեկ նա անձամբ է հանդիպել փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։
«Այս պահին Գրիգորյանը և Մելքոնյանը բանակցություններ են վարում Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, որը ներկայացնում է գործող իշխանություններին։ Վստահ եմ, որ բանակի հրամանատարությունը կսատարի երկու փոխնախարարներին և կմիանա մեզ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Ինչպես նշեց նախկին նախագահը՝ փոխնախարարները հայտարարեցին, որ հանդիսանում են ժողովրդի անվտանգության գրավականները, պաշտպանում են նրա շահերը և թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը և օգտագործվի ժողովրդի դեմ։
Ինչպես «Նովոստի-Արմենիայի» թղթակցին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, «նա չի կարող մեկնաբանել ամեն մի հիմարություն»։
«Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց աջակցության մասին հայտարարելուց առաջ, նշված անձինք պարտավոր էին հրաժարական տալ։ Այս պահին ես նրանց հրաժարականի մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Շահսուվարյանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսօր հերթական հանրահավաքն են կազմակերպել՝ պահանջելով կրկնակի ընտրություններ։
Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, Ոստիկանությունը հանգիստ կանգնած է բողոքի ակցիայի անցկացման վայրում, չի խառնվում և չի խոչընդոտում հանրահավաքի անցկացմանը։
Հայաստանի ԿԸՀ տվյալներով, նախագահական ընտրություններին ընտրողների հայտը կազմել է 70%։Քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։
Սերժ Սարգսյանին արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ՀԱՊԿ գլխքարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԵՄ ընդհանուր և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խավիար Սոլանան։--0--