2007թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 58 դեպք. վիճակագրություն
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 58 դեպք և ՄԻԱՎ վարակի 109 դեպք, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության հիման վրա։
2006 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 45 և ՄԻԱՎ-վարակվածության 66 դեպք։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2007թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է ՁԻԱՀ հիվանդացության մեկ դեպք և ՄԻԱՎ վարակի երեք դեպք՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում, որը նման է 2006 թվականի նույն ժամանակամիջոցի ցուցանիշին։
Միաժամանակ Հայաստանի ԱՎԾ հաշվետվության մեջ նշվում է, որ 2007թ. նշված ժամանակամիջոցում հանրապետության 100 հազ. բնակչին միջինը բաժին է ընկնում ՁԻԱՀ հիվանդացության 1,8 դեպք և ՄԻԱՎ-վարակվածության 3,4 դեպք։--0—