Հայաստանի ընդդիմության հանրահավաքի մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել

21.02.2008, 16:49
Հայաստանի ընդդիմության հանրահավաքի մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել

Հայաստանի ընդդիմության հանրահավաքի մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել։

Ինչպես հինգշաբթի Երևանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի մասնակիցները Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր են պահանջում, ինչպես նաև նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բռնության բոլոր մեղավորների ձերբակալումը, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։

«Եթե պարզվի, որ պետությունն ի վիճակի չէ պատժել մեղավորներին, ապա ինքը՝ ժողովուրդը պետք է դա անի»,- ասաց Փաշինյանը։

«Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդը պահանջեց, որպեսզի ԿԸՀ-ն վերահաշվարկի ձայները և քննության առնի ընդդիմության բոլոր բողոքները։

«Մենք մեր պահանջները կատարելու համար որոշ ժամանակ ենք տալիս, եթե դրանք չկատարվեն, ապա մենք կանենք այն, ինչ պետք է անենք»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ հանրահավաքին ներկա գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար, պատգամավոր Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ իրենց շտաբն արդեն դիմել է ԿԸՀ՝ ձայները վերահաշվարկելու պահանջով։

Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց սպասել մինչև վերահաշվարկի գործընթացի ավարտը՝ ավելացնելով, որ դրանից հետո  ՕԵԿ-ը հանդես կգա համապաատսխան հայտարարությամբ։

Միաժամանակ ՀՀ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը «Նովոստի-Արմենիայի» հարցմանը պատասխանեց, որ ձայների վերահաշվարկն ընտրատեղամասերում սկսվել է հինգշաբթի՝ առավոտյան ժամը 9-ից և կավարտվի հինգ օրվա ընթացքում։

Օհանյանի խոսքերով, ձայների վերահաշվարկը կատարվում է «Օրինաց երկիր» կուսակցության և ևս մի քանի քաղաքական ուժերի (նա չհստակեցրեց դրանց անվանումները) դիմումների հիման վրա։

Չհաստատված տվյալներով, ժամը 17։30-ին ընդդիմությունը սկսելու է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսօր հերթական հանրահավաքն են կազմակերպել՝ պահանջելով կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնել։

Երևանի ոստիկանությունը հայտարարում է, որ ընդդիմության հանրահավաքը, որը տեղի է ունենում մայրաքաղաքի կենտրոնում, արտոնված չէ։--0—