2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է հանցագործության անկում՝ 13,6 տոկոսով. վիճակագրություն

21.02.2008, 14:56
2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է հանցագործության անկում՝ 13,6 տոկոսով. վիճակագրություն

2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է հանցագործության անկում՝ 13,6 տոկոսով։ Այս մասին է վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերլուծությունը՝ հիմնված ՀՀ ոստիկանության տվյալների վրա։

Պաշտոնական տվյալներով, 2007 թ.-ին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 8428, ինչը 13,6 տոկոսով ցածր է 2006 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ զգալիորեն կրճատվել է ոչ մեծ (20,9 տոկոս անկում) և միջին ծանրության հանցագործությունների թիվը (18,5 տոկոս անկում)։

2007 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին զգալիորեն կրճատվել է նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. տարվա տվյալներով Հայաստանում գրանցվել է նման 974 հանցագործություն, ինչը 12,7 տոկոսով պակաս է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հաշվետվության համաձայն, անձի դեմ ուղղված հանցագործություններից 71 դեպքը սպանություններն են (5,3 տոկոս անկում), 28-ը՝ սպանության փորձերը (33,3 տոկոս աճ), 521-ը՝ առողջության միտումնավոր վնաս հասցնելու դեպքերը (18 տոկոս անկում)։

Ոստիկանության տվյալների համաձայն, 2007 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգ ու կանոնի և բնակչության առողջության դեմ ուղղված 2018 հանցագործություն, ինչը 11,3 տոկոսով ցածր է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն, տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքների պատրաստման և անօրինական շրջանառության 180 դեպք, խուլիգանության 241 դեպք (40 տոկոս անկում), ինչպես նաև բանդիտիզմի 1 դեպք։ Միաժամանակ գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման զգալի անկում՝ հաշվետու ժամահակաշրջանում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 408 դեպք, ինչը 33,3 տոկոսով ցածր է 2006 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցանիշից։

2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 3674 դեպք, ինչը 10,6 տոկոսով ցածր է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գրանցված հանցագործությունների թվից 318-ը պետական կամ հանրային գույքի հափշտակություններն են, որոնցից 268-ը՝ գողության, 2-ը՝ կողոպուտի, 32-ը՝ յուրացման կամ վատման, 16-ը՝ խարդախության դեպքերն են։

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է անձնական գույքի հափշտակությունների 3094 դեպք, ինչը 12 տոկոսով ցածր է 2006 թ.-ի ցուցանիշից։ Միաժամանակ դրանցից 76 դեպքը կազմել են ավազակությունները, 121-ը՝ կողոպուտը, 2444-ը՝ գողությունը, 416-ը՝ խարդախությունը, 37-ը՝ յուրացումը կամ վատնումը։

Զգալիորեն պակասել է նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ 2007 թ.-ի  հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է նման հանցագործությունների 289 դեպք, ինչը 7,7 տոկոսով ցածր է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Միաժամանակ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններից 57 կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերն են, ինչը գերազանցում է 2006 թ.-ի ցուցանիշը 9,6 տոկոսով։

2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 1412 դեպք, ինչը 20,4 տոկոսով գերազանցում է 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հաշվետու ժամանակահատվածում պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների թվից 23-ը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման դեպքերն են (45,2 տոկոս անկում), 26-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (4 տոկոս աճ), 7-ը՝ կաշառաք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերն են (68,2 տոկոս անկում)։

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի խոսքերով, 2007 թ.-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների մակարդակը ամենացածրն է երկրի անկախության տարիների ընթացքում։

Հունանյանը նշել է, որ Հայաստանում 100 հազ. մարդու հաշվով հանցագործության գործակիցը 2007 թ.-ին կազմել է 212՝ 2006 թ.-ի 304-ի համեմատ։ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ Ռուսաստանում այդ գործակիցը 9,6 անգամ գերազանցել է Հայաստանի գործակիցը, Բելառուսում՝ 7,1 անգամ, Վրաստանում՝ 4,7 անգամ, Ուկրաինայում՝ 3,3 անգամ, Ուզբեկստանում՝ 1,2 անգամ։

«2007 թ.-ին Հայաստանում կրճատվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը. հաշվետու ժամանակաշրջանում դրանց թիվը կազմել է 3629՝ 2006 թ.-ի 3733-ի համեմատ», - տեղեկացրել է պետի տեղակալը՝ ավելացնելով, որ հիմնական անկումը բաժին է ընկել սպանություններին, առողջությանը վնաս պատճառելուն, բռնաբարությանը և բռնաբարության փորձերին, գողությանը, կողոպուտին և խուլիգանությանը։

Միաժամանակ Ոստիկանության պետի տեղակալը ասել է, որ Հայաստանում հանցագործությունների բացահայտվածության մակարդակը 2007 թ.-ին գերազանցել է 75 տոկոսը։ Միաժամանակ հանրապետությունում բացահայտվել է 60,6 տոկոս ծանր և 75 տոկոս առանձնապես ծանր հանցագործություն։

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրել է, որ 2007 թ.-ին իրավապահ մարմինների կողմից մասշտաբային աշխատանք է իրականացվել՝ ավելի վաղ դադարեցված քրեական գործերի, ինչպես նաև հասարակական մեծ արձագանք ստացած գործերի բացահայտման ուղղությամբ։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2007 թ.-ին կատարված հանցագործություններից պետբյուջեի վնասը կազմել է 6 մլրդ դրամ (ավելի քան 19 մլն 350 հազ. դոլար), անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պետբյուջե է վերադարձվել 2,2 մլրդ դրամ կամ ավելի քան 7 մլն դոլար։-0-