Հայաստանը և Ռուսաստանը պետք է աշխուժացնեն հասարակությունների քաղաքացիական երկխոսությունը. Զատուլին
Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանը և Ռուսաստանը պետք է մտածեն երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը աշխուժացնելու, ռուսական ոչ կոմերցիոն կազմակերպությունների և Հայաստանի տարածքում նրանց մասնաճյուղերի դերի բարձրացման ուղղությամբ, որպեսզի հավասարակշիռ լինի բազմաթիվ քաղաքագիտական հիմնադրամների և ինստիտուտների ներկայությունը, որոնք ներկայացված են արևմտյան երկրների կողմից»,- ասաց նա։
Պատգամավորի կարծիքով, ռուսները պետք է որոշակի եզրահանգումներ կատարեն այն կապակցությամբ, որ հայկական հասարակությունում սաստկանում են արևմտամետ տրամադրվածությունները։ Զատուլինը նշեց, որ Հայաստանում այս վեկտորին կողմնակից են խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք նախագահական ընտրություններում լուրջ քանակի ձայներ են հավաքել։
«Այս խնդիրը ես տեսնում եմ, բայց այն դեռևս չնչին է, քանի որ հայերի մեծ մասը հրաշալի հասկանում է իր պատմությունը և աշխարհագրությունը, և դժվար թե թույլ տա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հնարավորություն»,- վստահեցրեց ՊԴ հանձնաժողովի փոխնախագահը։
Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է մտածել Հայաստանում ժամանակակից քարոզչություն ծավալելու ուղղությամբ, պարզաբանել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող սուր հարցերը։ Զատուլինը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանում լուրեր էին տարածվել, որ Ռուսաստանից հայերին արտաքսում են, սակայն դրանք տարածում էին որոշակի ուժերը և իրականությանը բոլորովին չեն համապատասխանում։
«Ռուսաստանում նման լուրջ խնդիրներ չկան, կա հանցավորության խնդիր, խնդիրներ կան հայ և ռուս հասաարկություններում, բայց դրանք չպետք է ստվերեն երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական միտումները»,- վստահեցրեց խորհրդարանականը։--0—