Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը ոչինչ չի սպառնում. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ներկայումս հայ-ռուսական համագործակցության զարգացմանը ոչինչ չի սպառնում։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար, առավել ևս, որ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթում է Սերժ Սարգսյանը։ Նա Ռուսաստանում հայտնի էր դեռ մինչև կառավարության ղեկավար դառնալը, երբ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր և երկկողմ հարաբերությունների զարգացման կարգավորողը»,- ասաց նա։
Զատուլինի խոսքերով, ներկայումս Ռուսաստանը, որը մինչ այդ այնքան էլ ակտիվ չէր, վերադառնում է Հայաստան և մտնում է Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողների թվի մեջ։
ՊԴ հանձնաժողովի փոխնախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նախագահական ընտրությունների այլ ելքի դեպքում էլ հանրապետությունը կշարունակեր Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղին, սակայն, անկասկած, կառաջանար դադարի պահ՝ կապված նոր հանգամանքների, նոր դեմքերի և նրբությունների հետ համակերպվելու հետ։
«Դա կանդրադառնար հարաբերությունների զարգացման տեմպերի վրա։ Ներկայումս այդ տեմպերին ոչինչ չի սպառնում, քանի որ Հայաստանում որևէ դրամատիկ իշխանափոխության մասին խոսելու հիմքեր չկան»,- ասաց նա։--0—