ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման. դիտորդներ
ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերել են բողոքների քննարկմանը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Անն-Մարի Լիզինը՝ ներկայացնելով եվրոպական դիտորդների հաշվետվությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։
«Ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ապահովել է ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման հետ կապված հարցերի, որոնք մեծամասամբ լուծում էին ստանում ոչ պաշտոնական նիստերի և հանդիպումների ընթացքում»,- ասաց Լիզինը։
Նրա խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ դա չի հակասում Ընտրական օրենսգրքին, սակայն այս գործընթացը թույլ չտվեց թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկա գտնվել բողոքների քննարկմանը և կասկածի տակ դրեց ընտրությունների նկատմամբ վստահության ապահովում։
Փետրվարի 19-ին ՀՀ նոր նախագահի ընտրություններին հետևում էին 14 հազար դիտորդներ՝ 39-ը տեղական և 6 միջազգային կազմակերպություններից։--0—