Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն ընտրությունների նկատմամբ ժողովրդի անվստահությունը վերացնելու ուղղությամբ. եվրոպական դիտորդներ

20.02.2008, 18:11
Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն ընտրությունների նկատմամբ ժողովրդի անվստահությունը վերացնելու ուղղությամբ. եվրոպական դիտորդներ
Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն ընտրությունների նկատմամբ ժողովրդի անվստահությունը վերացնելու ուղղությամբ. եվրոպական դիտորդներ

Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն ընտրությունների նկատմամբ ժողովրդի անվստահությունը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը՝ ներկայացնելով Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների հաշվետվությունը ընտրությունների վերաբերյալ։

«Այս ընտրությունների շրջանակներում նկատելի էր բարելավում, սակայն ընտրությունների իրականացման հետ կապված խնդիրները, մասնավորապես, կապված ձայների հաշվարկման գործընթացի հետ, որոշ դեպքերում սասանել է ժողովրդի վստահությունը»,- ասաց նա։

Պրեսկոտը նշեց, որ, վերջին հաշվով, վերջնական ընտրությունը ժողովրդինն է, և այդ պատճառով նրա անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ վճռորոշ է՝ իրական ժողովրդավարություն հաստատելու առումով։ Նրա խոսքերով, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ձայների հաշվարկման գործընթացին։

«Թեև ընտրությունների կազմակերպման և իրավական դաշտի առումով առաջընթաց կա, այնուամենայնիվ, ձայների հաշվարկն իր մեջ թերություններ էր պարունակում, որոնք ազդեցին ժողովրդի վստահության վրա։ Իսկ ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ ժողովրդավարության կարևոր մասն է, և այդ առումով դեռ շատ անելիքներ կան»,- ասաց նա։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը հաղորդեց, որ եվրոպական դիտորդները ողջունում են իրավական դաշտի կատարելագործումը, սակայն օրենքի կիրառման հետ կապված՝ խնդիրներ կան։ Այս կաապկցությամբ նա ավելացրեց, որ այս հարցը քննարկվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում։

Նախօրեին՝ փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան համապետական նախագահական ընտրությունները։ Առաջադրվել էին ինը թեկնածուներ։

ԿԸՀ առաջին վերջնական նախնական տվյալներով, չորեքշաբթի կեսօրին Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86 %), իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%)։

Հանրապետության ողջ տարածքում ձևավորվել էր 1923 ընտրական տեղամաս։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 328 հազար 320 ընտրող։ ՀՀ նոր նախագահի ընտրություններին հետևում էին 14 հազար դիտորդներ՝ 39-ը տեղական և 6 միջազգային կազմակերպություններից։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների կազմում մոտ 400 դիտորդ էր, այդ թվում՝ 75 խորհրդարանական։--0—