Հայաստանում ընտրախախտումների փաստով հարուցվել է 7 քրեական գործ
Հայաստանում հարուցվել է 7 քրեական գործ՝ ընտրական հանձնաժողովների անդամների և հանրապետության նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացման խոչընդոտելու փաստով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, Աբովյան քաղաքի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և անդամները արձանագրություն են կազմել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված անձինք, ովքեր խոչընդոտել են ընտրական հանձնաժողովների աշխատանքներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։
Աբովյան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանը դիմել է Կոտայքի ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ ընտրական տեղամաս են մտել 3 անծանոթ անձինք, դուրս են բերել իրեն ընտրական տեղամասից, որոնցից մեկը իրեն ծեծի է ենթարկել՝ ասելով, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։
Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգև Մնացականյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն և նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով):
Լոռու մարզի Արևածագ գյուղում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն Էդմոնդ Գևորգյանը ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ընտրական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։
Մարալիկ քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել և մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին և խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։
Կոտայքի մարզի Գառնի գյուղում ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի վստահված անձ Տիգրան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել Արտուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում դանակի հարվածով թափանցող վնասվածք է հասցրել վերջինիս: Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Վարդան Խաչատրյանի, ինչպես նաև լրագրող Լուսինե Բարսեղյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։
Բոլոր 7 քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։-0-

