«Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած Exit Poll –ի տվյալներով, Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահական ընտրություններում առաջատարն է
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած Exit Poll –ի տվյալներով, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահական ընտրություններում առաջատարն է՝ հավաքելով ձայների 37,7 տոկոսը։
Երեքշաբթի լրագրողներին այսպիսի տվյալներ է տրամադրել «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության փոխնախագահ Գևորգ Մելիքյանը։
Նրա խոսքով, exit poll-ի տվյալների համաձայն, որին մասնակցել է Երևանի և մարզերի 100 ընտրական տեղամասերից 3055 ընտրող, երկրորդ տեղում է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ 35,4 տոկոսով։
Նրանց հաջորդում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 15,5%, ՀՅԴ թեկնածու, ՀՀ ԱԺ խոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ 6,4%, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 2,9%, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 1,3%, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 1,2%, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 0,2% ձայներով։
«Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում գործում է երեք տարի։ Կազմակերպությունն արդեն իրականացրել է դիտորդական առաքելություն 2007թ. Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանը Exit poll-ի տվյալներով նախագահական ընտրություններում հավաքում է 57,01 տոկոս ձայներ։ Երեքշաբթի Երևանում այսպիսի տվյալներ է հրապարակել բրիտանական Populus ընկերությունը, որը Exit poll հարցումներ է անցկացրել Հայաստանի 126 ընտրական տեղամասերում։
Նախնական տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է 17,04 տոկոս ձայներ։
Երրորդ տեղում «Օրինաց երկրի» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, որի համար Exit poll-ի տվյալներով քվեարկել է ընտրողների 14,6 տոկոսը, իսկ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը հավաքել է 5,98 տոկոս ձայներ։
Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն գերազանցում 1,6 տոկոսը։
Populus-ը բրիտանական առաջատար սոցիոլոգիական կազմակերպություններից է, որի հետազոտությունների բարձր ճշգրտությունն ապացուցվել է գործնականում։ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ Populus-ի տվյալներում թերությունները կազմել էին ընդամենը 0,25 տոկոսը։ Populus-ը նախընտրական հարցումներ է անցկացնում խոշոր հաճախորդների լայն շրջանակների համար, մասնավորապես՝ Բի-Բի-Սիի, «Թայմսի», Պահպանողական, Լիբերալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունների համար։
Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին անցկացվեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել էին ինը թեկնածու
ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 17։00-ի դրությամբ քվեարկողների ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն 354 հազար 664 մարդ կամ ընտրազանգվածի 57,14 տոկոսը։ --0--