«Գալա» հեռուստաընկերության տնօրենը Գյումրիում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ դատախազությանը դեռևս որևէ փաստ չի ներկայացրել. գլխդատախազություն
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Գալա» հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանը Գյումրիում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ դատախազությանը դեռևս որևէ փաստ, կամ տվյալ չի ներկայացրել։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ 2008 թվականի փետրվարի 18-ին «Գալա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է լուրերի հատուկ թողարկում, որի ընթացքում հեռարձակվել է Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում ընտրակաշառքներ բաժանելու մասին տեսանյութ՝ առանց կոնկրետ փաստեր մատնանշելու:
Հեռարձակված տեսանյութում մատնանշված փաստերը ստուգելու համար՝ Շիրակի մարզի դատախազը նույն օրը՝ 18.02.08թ., գրավոր դիմել է «Գալա» հեռուստաընկերությանտնօրեն Վ.Խաչատրյանին՝ խնդրելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված կարգով, տրամադրել տեսանյութի հիմքերը:
Մատնանշված հոդվածի համաձայն՝ «Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը»:
Հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի դատախազի գրությունը 18.02.08թ.՝ ժամը 16:30-ի սահմաններում ստացել է անձամբ Վ.Խաչատրյանը, սակայն որևէ փաստ կամ տվյալ դեռևս դատախազությանը չի ներկայացրել:--0--

