Հայաստանի գլխավոր դատախազը վճռականորեն կպայքարի ընտրախախտումների դեմ

18.02.2008, 17:44
Հայաստանի գլխավոր դատախազը վճռականորեն կպայքարի ընտրախախտումների դեմ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ երկրի իրավապահ մամինները վճռականորեն կպայքարեն փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունենալիք հնարավոր ընտրախախտումների դեմ։

«Հավատացնում եմ, որ ոչ մի խախտում կատարող չի խուսափի պատասխանատվությունից»,- ասված է գլխավոր դատախազի՝ երկուշաբթի «Ռիա-Նովոստի» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ։

Նրա խոսքերով, Հայաստանի իրավական համակարգն ունի վճռականություն, կամք և ի զորու է պայքարել  հնարավոր ընտրախախտումների, ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտումների դեմ, պաշտպանել  հասարակական կարգն ու երկրի սահմանադրական կարգը:

«Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի, ում 18 տարին արդեն լրացել է, իրավունք ունի մասնակցելու ընտրությանը և ազատ արտահայտելու իր քաղաքական կամքը, որի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն»,-նշել է գլխավոր դատախազը։

Նա մասնավորապես նշել է, որ ազատազրկման ձևով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու,  ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև զինված ընտրական տեղամաս մուտք գործելու   համար։

Հովսեփյանը նշել է, որ փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունները կարևոր իրադարձություն են մեր երկրի և ժողովրդի համար: Ընտրական այս գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով, գլխավոր դատախազի հրամանով, դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն է իրականացնում  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ։

«Անուշադրության չի մատնվել  ոչ մի հաղորդում, քննարկման առարկա են դարձել բոլոր ահազանգերը, և այսուհետ նույնպես այդ աշխատանքները կշարունակվեն»,-նշել է  Հովսեփյանը։-0-