Հայաստանում կնշեն հանրահայտ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը

18.02.2008, 14:28
Հայաստանում կնշեն հանրահայտ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը
Հայաստանում կնշեն հանրահայտ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում կանցկացվեն հանրահայտ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, երկուշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ մշակած միջոցառումների ծրագիրն արդեն ներկայացված է կառավարության քննարկմանը։ «Ազգային ակադեմիայի հետ համատեղ մենք ծրագրում ենք անցկացնել մի շարք խոշոր ծրագրեր», - ասաց նա։

Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ գլխավոր միջոցառումը կդառնա «Տիեզերական օբյեկտների էվոլյուցիան՝ դրանց ֆիզիկական ակտիվության միջոցով» միջազգային գիտաժողովը։

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-18-ը տեղի ունենալիք գիտաժողովին մասնակցելու են այն երկրների մասնագետները, որտեղ զարգացած է աստղագիտությունը», - ավելացրեց Հարությունյանը։

Գիտաժողովի մասնակից-երկրների թվում նա նշեց Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան։

Բացի այդ Հարությունյանը տեղեկացրեց, որ լույսընծայման է պատրաստվում հոբելյանական հրատարակությունը։ Այսպես, ԳԱԱ-ի աջակցությամբ կհրատարկվի հանրահայտ աստղաֆիզիկոսի մասին հիշողությունների հավաքածուն։

«Համբարձումյանը 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկն է։ Մենք պարտավոր ենք պահպանել հիշողությունը նրա մասին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում քարոզել նրա ձեռքբերումները աստղաֆիզիկայի բնագավառում», - ասաց Հարությունյանը։

Այս համատեքստում աստղադիտարանի տնօրենը առաջարկեց հիմնադրել Համբարձումյանի անվան գիտական պարգև։

«Նման պարգևը կդառնա յուրատեսակ քայլ՝ հայկական գիտության տարածման և քարոզչության ճանապարհին», - ավելացրեց նա։

Միաժամանակ աստղադիտարանի տնօրենը տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի և Պուլկովոյի աստղադիտարանի մասնակցությամբ։

Հանրահայտ աստղաֆիզիկոսի 100-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. հոբելյանների պատվավոր ցուցակում։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը (1908-1996) հանրահայտ հայ աստղաֆիզիկոս է։ 1934 թ.-ին հիմնադրել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որը գլխավորել է մինչև 1947 թ.-ը։ 1939-1941 թթ.-ին եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, 1941-1943 թթ.-ին՝ այդ համալսարանի Ելաբուգում (Թաթարական ԽՍՀ) գտնվող մասնաճյուղի ղեկավար։ Երկար տարիներ եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։

Համբարձումյանի գիտական աշխարհայացքը չափազանց լայն էր։ Նրա աշխատանքներն ընդգրկում են աստղագիտության բազմաթիվ բնագավառներ, մասնավորապես, դրանք նվիրված են աստղերի և գազային միգամածությունների ֆիզիկային, աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկային, արտագալակտիկական աստղագիտությանն ու տիեզերածնությանը։ Համբարձումյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի ոսկե մեդալով (1971), Լոնդոնի թագավորական աստղագիտական միության Ոսկե մեդալով (1960)։-0-