ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից մեր օդային տարածքը խախտելու մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական Ռազմաօդային ուժերի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին լուրերը։
«Լուրերն այն մասին, թե ադրբեջանական ինքնաթիռը խախտել է Հայաստանի սահմանը, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մենք ունենք ՀՕՊ համակարգ, որը որևէ երկրի թույլ չի տա խախտել մեր սահմանները»,- ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ավիացիայի թռիչքները հաճախակի են դարձել։
«Նրանք չեն ցանկանում խախտել մեր սահմանները, այլ պարզապես զորավարժություններ են անցկացնում։ Ադրբեջանական կողմը գիտի, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաժամանակակից ՀՕՊ համակարգը։ Թող որևէ մեկը չմտածի, որ կարող է առանց պատժվելու խախտել մեր սահմանը, քանի որ ՀՕՊ ուժերի զինծառայողները կիրականացնեն իրենց առջև դրված առաջադրանքները»,- ասաց Հարությունյանը։—0—