ՀՀ պաշտպանության նախարարության Ավիացիոն ինստիտուտում բացվել է անգլերեն լեզվի լինգաֆոնային կաբինետ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան Ավիացիոն ինստիտուտում բացվել է արդիականացված և ժամանակակից սարքավորումներով հագեցած անգլերեն լեզվի ուսուցման լսարան։
Ինչպես ուրբաթ բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, լսարանը կարևոր դեր է խաղում հայ զինվորներին և սպաներին անգլերեն դասավանդելու գործում։
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար հայ սպաներին անհրաժեշտ է իմանալ անգլերեն, քանի որ մենք անցկացնում ենք համատեղ զորավարժություններ, ինչպես նաև խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում Իրաքում և Կոսովոյում, իսկ հետագայում հնարավոր է՝ նաև աշխարհի այլ թեժ կետերում»,- ասաց նա։
Նախարարի խոսքերով, արտասահմանում հայ սպաների անգլերեն սովորելը բավականին թանկ է, և առավել մատչելի է ուսուցումը կազմակերպել հանրապետությունում։
«Արդիականացված կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միանգամայն համապատասխանում է անգլերեն լեզվի դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտ չափանիշներին»,- ասաց նա։
Հարությունյանը նշեց, որ Հայաստանում արդեն գործում է 10 նման լսարան, սակայն անհրաժեշտ է ստեղծել ևս տասը նման դասարաններ։
Իր հերթին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը նշեց, որ լսարանը ստեղծելու համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 93 հազար դոլար։
«15 համակարգիչներից բաղկացած ցանցը միացված է դասախոսի համակարգչին, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար»,- ասաց նա։
Նրա խոսքերով, լսարանը արդիականացվել է ԱՄՆ կառավարության «Միջազգային ուսուցում և դասընթացներ» ծրագրի շրջանակներում։
«Այս ծրագրի շրջանակներում 2003 թվականից սկսած սարքավորումներով հագեցվել է երեք նմանատիպ լսարան, իսկ ՀՀ ԶՈՒ 110 սպաներ անգլերեն լեզվի դասընթացներ են անցել ԱՄՆ-ում»,- ասաց դիվանագետը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակներում Ավիացիոն ինստիտուտի երկու դասախոսներ իրենց որակավորումը բարձրացնելու են ԱՄՆ-ում։--0—