Հայ կոմպոզիտորի նախագծին մասնակցող 14 երկրների երաժիշտները հանդես կգան սիրո և համերաշխության կոչով

15.02.2008, 17:18
Հայ կոմպոզիտորի նախագծին մասնակցող 14 երկրների երաժիշտները հանդես կգան   սիրո և համերաշխության կոչով

Հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Սիրեցեք զմիմեանս» նախագծին մասնակցող 14 երկրների երաժիշտներ հանդես կգան սիրո և համերաշխության կոչով։

«Այս նախագիծն աննախադեպ կլինի։ Ես շատ եմ աշխատել դրա վրա, և վերջապես ինձ հաջողվեց գրել այնպիսի մի ստեղծագործություն, որտեղ արտացոլվել է տարբեր ժողովրդական երաժշտական գործիքների հնչողությունը, քանի որ հենց  երաժշտությունն է միավորում ժողովուրդներին»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը։

Նրա խոսքերով, այս նախագիծն իր յոթամյա աշխատանքի արդյունքն է։

Գևորգյանը հայտնեց, որ երաժիշտներն իրենց ազգային գործիքներով ութ րոպեանոց կոմպոզիցիա են կատարելու, որի հեղինակն ինքն է։

Կոմպոզիտորը նաև ավելացրեց, որ իր ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Դավիթ Բաբայանը չորս րոպեանոց տեսահոլովակ է նկարել։

«Որպես տեսաշար օգտագործված են կադրեր, որոնք արտացոլում են նախագծի բոլոր մասնակիցների մշակութային արժեքները»,-ավելացրեց կոմպոզիտորը։

Բացի այդ, նախագծի շրջանակներում նկարահանվել է ոչ մեծ տեսաֆիլմ, որը ներկայացնում է կոմպոզիցիայի ձայնագրման ստեղծագործական գործընթացը։

«Նախագծի յուրաքանչյուր մասնակից իր մայրենի լեզվով կոչ է անում մարդկանց՝ սիրել միմյանց և համերաշխ լինել»,-նշեց Գևորգյանը։

Նա հայտնեց, որ ապագայում նպատակ ունի «Սիրեցեք զմիմեանս»  նախագծի պաշտոնական շնորհանդես իրականացնել հայկական հեռուստաալիքներից մեկով։

Արա Գևորգյանի «Սիրեցեք զմիմեանս» նախագծում ընդգրկված են կոմպոզիտորներ 14 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Պորտուգալիա, Վենեսուելա, Լիբանան, Մոլդովա, Հնդկաստան, Շոտլանդիա, Թուրքմենստան, Չինաստան, Իսպանիա, Հունաստան, Ֆինլանդիա և Գերմանիա։ Նախագծի DVD-ն կթողարկվի 1000 օրինակով։--0—