Հատուկ հանձնաժողովը Երևանում հետաքննում է CRJ-100 ինքնաթիռի վթարի պատճառները
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում բելառուսական «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռի կործանման վայրում աշխատում է վթարի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողովը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը։
«Հանձնաժողովը բաղկացած է 22 մարդուց, որոնց թվում են տասը տեղի մասնագետներ, Միջպետական ավիացիոն կոմիտեի երկու նրկայացուցիչներ և Բելառուսից ժամանած տասը մասնագետներ»,-հայտնեց նա։
Դավթյանը հավելեց, որ ուրբաթ ուշ երեկոյան սպասվում է Կանադայի մասնագետների ժամանումը Հայաստան. CRJ-100 ինքնաթիռի արտադրող-երկիրը Կանադան է։
Դավթյանը հայտնեց, որ հանձնաժողովի բոլոր հետաքննական աշխատանքները տարվում են փակ ռեժիմով, և հետաքննության արդյունքների մասին կհայտարարվի հավելյալ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ քրեական գործը վարում է Ոստիկանության գլխավոր հետաքննչական վարչությունը։ «Ավիավթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 241 հոդվածի առաջին մասով (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի շարժի կամ գործարկման անվտանգության կանոնների խախտում անձի կողմից, որը կատարվող աշխատանքի կամ զբաղեցրած պաշտոնի բերումով պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե այդ գործողությունը անուշադրության պատճառով ծանր կամ միջին ծանրության վնաս է հասցրել որևէ անձի առողջությանը կամ խոշոր վնասի պատճառ է հանդիսացել)։
Նախօերին, տեղի ժամանակով ժամը 4։18-ին «Զվարթնոց» օդանավակայանում բելառուսական «Բելավիա» ընկերության CRJ-100 ինքնաթիռը օդ բարձրանալիս ժամանակ վթարի է ենթարկվել, որի արդյունքում ինքնաթիռը բռնկվել է։
Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Զոհեր չկան, տուժածների մեծ մասին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Ներկայումս հիվանդանոցում են ութ տուժողներ։–0--

