Հայաստանը նպատակադրված է Մեծ Բրիտանիայի հետ առավել ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունները.ԱԳՆ

14.02.2008, 17:48
Հայաստանը  նպատակադրված է Մեծ Բրիտանիայի հետ առավել ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունները.ԱԳՆ

Հայաստանը նպատակադրված է Մեծ Բրիտանիայի հետ առավել ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունները, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը  Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլի (Charles Lonsdale) հավատարմագրերի կրկնօրինակն ընդունելիս։

 

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին  ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակի մասին, փոխնախարար Բայբուրդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործընթացը։

Զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն  է հայտնել  Հայաստանի և Բրիտանիայի ակտիվ գործակցության կապակցությամբ։

«Ջանք չեմ խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, դարձնելու դրանք առավել բովանդակային»,- հաղորդագրության փոխանցմամբ՝ վստահեցրել է դեսպանը:

ԱԳ փոխնախարար Բայբուդյանը հաջողություն  է մաղթել  նորանշանակ դեսպանին բարձր առաքելության կատարման գործում:

Չարլզ Լոնսդեյլը ծնվել է 1965թ. Օքսֆորդում: 1987-2003թթ. զբաղեցրել է մի շարք պաշտոններ ՄԹ Արտաքին ծառայության համակարգում, ներառյալ արտերկրում ՄԹ ներկայացուցչություններում: 2003-2005թթ. եղել է ՄԹ ԱԳՆ-ում Աֆղանստանի հարցերով խմբի ղեկավարի տեղակալը, 2005-2007թթ.` Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ կառավարման խմբի ղեկավարի տեղակալը: Ամուսնացած չէ: Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հունգարերեն լեզուների:-0-