ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը Երևանում կլինի մինչև փետրվարի 18-ը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը Հայաստան կայցելի 2008թ. փետրվարի 18-ից 20-ը, նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Ինչպես հինգշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական կենտրոնից, ԵԽԽՎ պատվիրակությունը ղեկավարում է Ջոն Պրեսկոտը Մեծ Բրիտանիայից։
Ծրագրված են դիտորդների հանդիպումներ նախագահի թեկնածուների, ԿԸՀ ղեկավարության, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ ԵԽԽՎ դիտորդները կայցելեն նաև հանրապետության մարզերում գտնվող ընտրատեղամասեր, քվեարկության գործընթացին ծանոթանալու համար։
2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները։ Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
--0—

