Արթուր Բաղդասարյանը բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ նախագահական ընտրություններից առաջ ուժերը միավորելու հարցի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն ակտիվ բանակցություններ է վարում մյուս թեկնածուի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ուժերը միավորելու մասին։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՕԵԿ թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։
«Մենք քննարկել ենք ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում միավորվելու հնարավորությունները։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում նաև այն հարցի շուրջ, թե ով և ում պետք է միանա։ Կոնկրետ որոշում դեռևս չի ընդունվել»,- ասաց Բիշարյանը։
«Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր չէ, որ նա կարողանա հաղթել առաջին փուլում։ Իսկ Արթուր Բաղդասարյանը կարող է հավակնել առաջին տեղին, այդ պատճառով էլ մենք բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում միանալ մեզ»,- ասաց Բիշարյանը։
Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը ողջ ընդդիմությանը կոչ է անում միավորվել Բաղդասարյանի շուրջ երկրորդ փուլից առաջ, որն անխուսափելի է։
2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։
Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ --0—