Երևանում վթարի ենթարկված «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի տեխնիկական տվյալները նորմայի սահմաններում են եղել. Հայաստանի ՔԱԳՎ

14.02.2008, 14:26
Երևանում վթարի ենթարկված «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի տեխնիկական տվյալները նորմայի սահմաններում են եղել. Հայաստանի ՔԱԳՎ

Երևանում ավիավթարի ենթարկված «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող SRG-100 ինքնաթիռի տեխնիկական տվյալները նորմալ են եղել։ Այս մասին օդանավակայանում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը։

«Ինքնաթիռը տեխնիկական զննում է անցել 2008 թ. փետրվարին, և նրա բոլոր տվյալները կարգին են եղել։ Թռիչքից առաջ ինչպես բոլոր ինքնաթիռները, այս ինքնաթիռը ևս անցել է վիզուալ ընթացիկ զննում, որի արդյունքում բոլոր հիմնական ցուցանիշները ևս նորմալ վիճակում են եղել», - ասաց Մովսիսյանը։

Նա նշեց, որ տեխնիկական անսարքությունները սկսել են թռիչքուղու վրայով ինքնաթիռի վազքի ժամանակ, երբ օդաչուն, կապվելով դիսպետչերի հետ, հայտնել է այն մասին, որ ինքնաթիռը թեքվում է ձախ։

«Ինքնաթիռի անձնակազմը փորձել է ինքնուրույն ուղղել այն և որոշում է ընդունել շարունակել թռիչքը։ Մեր տվլյաների համաձայն, 4-5 մետր բարձրության վրա ինքնաթիռի ձախ թևը դիպել է թռիչքուղուն, ինչի արդյունքում այն շրջվել է», - ասաց Մովսիսյանը։

Նա նշեց, որ երկու ուղևորների և անձնակազմի անդամների օպերատիվ գործողությունների շնորհիվ բացվել է վթարային դուռը, և բոլոր ուղևորները ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռի սրահից։ Արդեն 50 վայրկյան անց դեպքի վայրում է աշխատել օդանավակայանի հրշեջ բրիգադը։

ՔԱԳՎ պետը հերքեց ինքնաթիռում պայթյունի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ պարզապես ուղևորների մոտ նման տպավորություն է ստեղծվել ինքնաթիռի՝   գետնին բախվելու հետևանքով։

«Ուզում եմ նշել, որ հայկական կողմից որևէ խնդիր և թերացում չի եղել, մասնավորապես, եղանակը չոր էր, թռիչքուղին սայթաքուն չէր, իսկ տեսանելիությունը 3500 մետր էր», - ասաց Մովսիսյանը։

Որպես ավիացիայի բնագավառում փորձագետ իր գնահատականը տալով՝ նա նշեց, որ ավելի նպատակահարմար է համարում, եթե օդաչուն որոշում ընդուներ  ինքնաթիռը կանգնեցնելու և անսարքությունը ստուգելու մասին։ «Սակայն նման իրավիճակներում որոշում ընդունելը շատ ժամանակ կարող է կախված լինել ինքնաթիռի հակամարգիչների ցուցիչներից, և իրավիճակի վերաբերյալ վերջնական եզրակացություն կարելի է անել միայն «սև արկղերի» վերծանումից հետո», - ասաց Մովսիսյանը։

Միաժամանակ նա խորհուրդ տվեց չմեղադրել արտադրողներին կամ շահարգոծող ընկերությանը։ «Ես չէի ցանկանա, որպեսզի մենք կենտրոնանայինք ինքնաթիռի տեսակի կամ ավիաընկերության վրա, ինչը կարող է նրանց վնաս հասցնել, և առաջարկում են ձեռնպահ մնալ նման տեսակի մեկնաբանություններից, քանի որ նման պատահարները տեղի են ունենում բազմաթիվ ավիաընկերությունների և ինքնաթիռների հետ», - ասաց Մովսիսյանը՝ առաջարկելով սպասել «սև արկղերի» վերծանման փորձաքննության արդյունքներին։

Նա նշեց, որ կանադական արտադրողը տեղյակ է պահվել դեպքի մասին, ինչպես նաև ինքնաթիռի սեփականատերերը և Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ), որոնց հետ համատեղ կացնացվեն հետաքննության համատեղ աշխատանքները։

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության SRG-100 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի առավոտյան, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-