Արտաքին ուժերն ազդեցություն չեն ունենա Հայաստանի նախագահական ընտրությունների ելքի վրա. քաղաքագետ

13.02.2008, 17:07
Արտաքին ուժերն ազդեցություն չեն ունենա Հայաստանի նախագահական ընտրությունների ելքի վրա. քաղաքագետ
Արտաքին ուժերն ազդեցություն չեն ունենա Հայաստանի նախագահական ընտրությունների ելքի վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արտաքին ուժերի ազդեցությունը որոշիչ չի լինի Հայաստանի նախագահական ընտրությունների ելքի համար։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք արտահայտեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ընտրությունները կատարվում են այստեղ՝ Հայաստանում։ Դրությունը պատկերացնել այնպես, թե իբր որևէ արտաքին կողմ, լինի դա Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, ցանկացածը, կարող է ընտրել որևէ թեկնածուի, որն էլ հենց կհաղթի ընտրություններում, սխալ է»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, նախընտրական շրջանում ներքին ուժերը փորձում են գործարկել ոչ միայն ներքին թեմատիկան, օրինակ՝ սոցիալական հարցերը, կոռուպցիայի հիմնախնդիրները կամ պետության շինարարությունը, այլև արտաքին թեմատիկան՝ արտաքին կողմնորոշման հարցը, Հայաստանի մասնակցությունը կամ ոչ մասնակցությունն այս կամ այն կառույցներում։

Քաղաքագետը նշեց, որ դա հիմնականում օգտագործում են երկու թեկնածուներ (Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը. «Նովոստի-Արմենիա» խմբգ.)։

«Փոքր երկրի համար դա միանգամայն նորմալ է։ Որոշ իմաստով սա նույնպես զենք է, որով թեկնածուները փորձում են պայքարել միմյանց դեմ»,- ասաց Իսկանդարյանը։

Նա ընդգծեց, որ ընտրություններում որոշիչ կլինեն ներքին գործոնները, մասնավորապես՝ սոցիալական։

«Խոշոր հաշվով, Ռուսաստանը՝ մասնավորապես, ինչպես նաև մյուս գերտերությունները, կաշխատեն Հայաստանի այն նախագահի, այն իշխանությունների հետ, որոնք կլինեն մեզ մոտ ընտրություններից հետո»,- ասաց Իսկանդարյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու։--0—