Հայաստանի ԿԸՀ-ն փետրվարի 14-ին կսկսի բաժանել ընտրական քվեաթերթիկները

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ փետրվարի 14-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է տեղամասային ընտրահանձնաժողովներին բաժանել ընտրական քվեաթերթիկները և ծրարները։
«Ըստ ԿԸՀ հաստատված ժամանակացույցի, փետրվարի 14-ին և 15-ին քվեաթերթիկները պետք է հասցվեն մարզերի տեղամասային ընտրահանձնաժողովներին, իսկ փետրվարի 16-ին բաժանվելու են Երևանում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։
Նրա խոսքով, քվեաթերթիկները և ծրարները տեղափոխվելու են «Հայինկասացիա» ՓԲԸ-ի մեքենաներով։
Բախչագուլյանը հաղորդեց, որ այս պահին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում արդեն տպագրվել է 1,5 միլիոն ընտրական քվեաթերթիկ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տպագրվելու է 2 միլիոն 390 հազար քվեաթերթիկ, այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տեղամասին հատկացվելու է անհրաժեշտ քանակությունից 3 տոկոսով ավել քվեաթերթիկ։
ՀՀ ոստիկանության տվյալներով, փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի ճշտված ցուցակներում գրանցվել է 2 311 240 ընտրող՝ հունվարի 24-ի տվյալների 2 312 945-ի դիմաց։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—