Հայաստանի նախագահական ընտրություններում որոշիչ գործոնը վարչական ռեսուրսը կլինի. քաղաքագետ

Հայաստանի նախագահական ընտրություններում որոշիչ գործոնը վարչական ռեսուրսը կլինի։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Առանց որևէ կասկածի, դա գրեթե հիմնական գործիքը կլինի ընտրությունների ժամանակ, և քաղաքական զարգացման այնպիսի մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, դրանից խուսափելն անհնար է», - ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքերով, անցած խորհրդարանական ընտրություններից սպասվող ընտրությունների հիմնական տարբերությունն այն է, որ խորհրդարանական ընտրությունները «Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միանման մեքենաների պայքարն էր, որոնք օգտագործում էին միևնույն ռեսուրսները»։
«Երկու կուսակցություններն էլ պայքարում էին միևնույն դաշտում, իսկ այժմ իրավիճակը միանգամայն այլ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը պայքարում են տարբեր դաշտերում, այդ պատճառով տարբերվում է նաև նախընտրական արշավը։ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս որոշ գաղափարախոսություններով, և Սարգսյանը պետք է դրանց պատասխանի նույն ձևով», - ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետի խոսքերով, Հայաստանում ձևավորված նախընտրական իրավիճակը կտրուկ տարբերվում է Հարավային Կովկասում անցկացված բոլոր ընտրություններից, այդ թվում նաև Հայաստանի նախորդ ընտրություններից։
«Հայաստանում այսօր անհնար է կանխատեսել ընտրությունների ելքը, ինչպես դա կարելի է անել Ադրբեջանի, Վրաստանի կամ Ռուսաստանի դեպքում։ Դա մատնանշում է երկրում քաղաքական իրավիճակի զարգացումը, ինչպես նաև ապագա ընտրությունների լրջությունը», - ասաց Իսկանդարյանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին, նախագահի պաշտոնին իրենց թեկնածությունն են առաջադրել ինը թեկնածու։-0-