Սեմնեբին հիասթափված է, որ այդքան երկար երկխոսությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը դեռ գտնված չէ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հիասթափված է, որ այդքան երկար երկխոսությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը դեռ գտնված չէ։
«Հիասթափեցնում է այն, որ այդքան երկար երկխոսությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը դեռ գտնված չէ։ Սակայն այնտեղ տիրում է որոշակի հանգստություն, և դա հուսադրում է», - հայտարարել է Սեմնեբին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, լավ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չի խոսվում Կոսովոյի ճանաչման համատեքստում՝ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի։
«Կարող եմ միայն փաստել, որ դա լավ է։ Հարավային Կովկասում գոնե մեկ հակամարտության մասին չի խոսվում այդ համատեքստում», - ասել է Սեմնեբին՝ ավելացնելով, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում այժմ ընդհանրապես բանակցություններ չկան։
«Հուսով եմ, որ դրանք կվերսկսվեն Կոսովոյի շուրջ տիրող լարվածությունը հանելուց և Վրաստանում իրավիճակի կարգավորելումից հետո։ Իսկ Ղարաբաղում բանակցային գործընթացը չի դադարում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այդ գործընթացին լիարժեք մասնակցում է և Հայաստանը, և Ադրբեջանը։ Եվ այդ փաստը երկու կողմերին ետ է պահում ողբերգական որևէ գործողություններից», - հայտարարել է Սեմնեբին։
Սեմնեբին նշել է, որ կոսովյան հարցն ունի իր նախապատմությունը, իսկ Հարավկովկասյան հակամարտությունները՝ իրենց նախապատմությունը։
«Հակամարտությունների միջև ավելի շատ տարբերություններ կան, քան ընդհանրություններ։ Այդ պատճառով պետք չէ նրանց միջև զուգահեռներ տանել, դա գլխավոր մոլորությունն է», - կարծում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

