Ռուսաստանի ղեկավարությունը չի հանդիպել Հայաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածուի հետ. աղբյուր
Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները չեն հանդիպել Հայաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որն այս շաբաթ այցելել է Մոսկվա, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի կառավարությանը մոտ գտնվող աղբյուրը։
Չորեքշաբթի Ռուսաստանի «Կոմերսանտ» թերթը, հղում անելով Տեր-Պետրոսյանի շտաբին, տեղեկացրել է, որ ՀՀ նախկին նախագահին Մոսկվայում ընդունել է ՌԴ առաջին փոխվարչապետ և ՌԴ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանի ղեկավարությունից ոչ ոք Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել։ Մոսկվայում նրա հանդիպումների քաղաքական ամենաբարձր մակարդակը եղել է Լեոնիդ Գոզմանը («Աջ ուժերի դաշինք» կուսակցության քաղաքական խորհրդի փոխնախագահ)», - ասել է աղբյուրը։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի ինը թեկնածուների։
Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանը, որը հույս ունի համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները և իրական մարտահրավեր նետել արշավի առաջատարին՝ վարչապետ Սարգսյանին, մեղադրում է Հայաստանի իշխանություններին այն բանի մեջ, որ նրանք հնարավորություն չեն տալիս իրեն՝ վարել նորմալ քարոզարշավ և խոստանում է բողոքի ակցիաներ անցկացնել՝ ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։-0-