Որոշ հայ քաղաքական գործիչներ հոկտեմբերի 27-ի գործը շահարկում են իրենց նախընտրական քարոզարշավներում, կարծում է գլխավոր դատախազը

12.02.2008, 18:12
Որոշ հայ քաղաքական գործիչներ հոկտեմբերի 27-ի գործը շահարկում են իրենց նախընտրական քարոզարշավներում, կարծում է գլխավոր դատախազը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարծում է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը շահարկում են իրենց նախընտրական քարոզարշավներում։

«Որոշ հայ քաղաքական գործիչներ հոկտեմբերի 27-ի գործը շահարկում են իրենց նախընտրական քարոզարշավներում, և նրանց տարածած տեղեկությունը նախընտրական հնարք է։ Տուժողների ներկայացուցիչների ոչ մի խնդրագիր քննարկումից դուրս չի մնացել, դրանք բոլորն էլ ստուգված և լուծված են»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հովսեփյանը։

Հովսեփյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունն արդեն հրապարակել է ահաբեկչական գործողության վերաբերյալ ունեցած բոլոր տվյալները։ Գլխավոր դատախազը հայտարարեց, որ այն դեպքում, եթե որոշ քաղաքացիներ լրացուցիչ տեղեկություն ունեն, ապա նրանք պետք է դրանք տրամադրեն Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանության մարմիններին և երկրի դատախազությանը։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։

ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ --0—