ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավները հավասարաչափ են լուսաբանվում. «ԱՄ» կուսակցություն
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի բոլոր ինը թեկնածուների նախընտրական քարոզարշավները հավասարաչափ են լուսաբանվում բոլոր հեռուստաալիքներով։ Երեքշաբթի մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադևոսյանը, որը «ԱՄ» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի տեղեկատվական քարոզչության պատասխանատուն է։
«1991.թ-ից ի վեր չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ ընդդիմության թեկնածուների գործունեությունը լուսաբանվեր այնպես հավասարակշիռ, ինչպես ՀՀ նախագահի թեկնածուների այս տարվա քարոզարշավի ընթացքում է»,- նշեց նա։
Թադևոսյանի խոսքով, բոլոր հեռուստաալիքներն էլ յուրաքանչյուր թեկնածուի, այդ թվում նաև ընդդիմության, հավասար եթերաժամանակ են տրամադրում։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին, նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու։--0—