Հայաստանն ավելի առաջնային է համարում ԵՍԶՈՒ սկզբունքների պահպանումը, քան տարածաշրջանի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Հայաստանն ավելի առաջնային է համարում Եվրախորհրդի Սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) սկզբունքների պահպանումը, քան տարածաշրջանի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդական միության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵՍԶՈՒ-ի կիրառման մասին բանաձևի ընդունումն ու իրականացումը, ինչը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին հավասար պայմանների մեջ է դնում, քանի որ մեզ համար շատ կարևոր է ղարաբաղյան հարցում Բաքվի դիրքորշումը»,-ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ եթե նշված համաձայնությունը պահպանվի, ապա Հայաստանն ու Ադրբեջանը հավասար քանակությամբ սպառազինություն և հավասար հնարավորություններ կունենան։
Նրա խոսքերով, Հայաստանի համար հիմնական վտանգը Ադրբեջանի կողմից զինված հարձակման հավանականությունն է, սակայն, ինչպես նշեց ԱԺՄ առաջնորդը, պատերազմ հայտարարելու համար անհրաժեշտ է ուժային առավելություն։
«Եթե նշված համաձայնությունն իրագործվի, ապա Ադրբեջանը նման հնարավորություն չի ունենա, անգամ եթե կատարելագործված զենք ունենա»,-ասաց Մանուկյանը։
Միաժամանակ, նախագահի թեկնածուի կարծիքով, Ադրբեջանը մոտ ժամանակներս ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, և Հյուսիսատլանտյան դաշինքն էլ դժվար թե այդպիսի քայլի գնա։
Ըստ Մանուկյանի, առայժմ Ադրբեջանը խաղում է այդ հարցի հետ, և ինքը չի կարծում, թե նրանց առջև այժմ նման նպատակ է դրված։
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ -0-

