Հայաստանի համար շահավետ է նախագահական ընտրություններում խորհրդարանական մեծամասնության առաջնորդի հաղթանակը

12.02.2008, 14:46
Հայաստանի համար շահավետ է նախագահական ընտրություններում խորհրդարանական մեծամասնության առաջնորդի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի, եթե նախագահական ընտրություններում հաղթի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության առաջնորդը։ Երեքշաբթի «Հայաստանի քաղաքական և տնտեսական հնարավոր զարգացումները 2008թ. նախագահական ընտրություններից հետո» համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց «Ազգային գիտակցություն» հիմնադրամի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը։

2007թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնությունը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, որի նախագահ՝ գործող վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է հանրապետության նոր նախագահի պաշտոնի համար։

«Նախընտրական շրջանում հնչում են նախագահի թեկնածուների օբյեկտիվ և գրավիչ խոստումները, բայց կարո՞ղ են, արդյոք, նրանք իրականացնել դրանք՝ խորհրդարանում համապատասխան հենարան չունենալով, երբ կառավարությունը ձևավորում է բոլորովին այլ քաղաքական ուժ»,- ասաց Այվազյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում ձևավորվել է քաղաքական մեծամասնությումբ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության մեծամասնությամբ խորհրդարան, որի ծրագրի նկատմամբ իր վստահությունը ժողովուրդը հայտնել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Նա ընդգծեց, որ մեկ այլ թեկնածուի հաղթանակի դեպքում խորհրդարանը և կառավարությունը չեն կարողանա արդյունավետորեն համագործակցել, ինչն էլ կհանգեցնի իշխանության ճգնաժամի։

«Այդպիսի պայմաններում անհնար կլինի իրականացնել մեր ժողովրդի հույսերն ու սպասումները։ Սահմանադրական բարեփոխումներից հետո օբյեկտիվ իրավիճակն այնպիսին է, որ կայուն զարգացման համար ամենաշահավետ տարբերակը խորհրդարանական մեածամասնություն կազմող կուսակցության առաջնորդի հաղթանակն է»,- ասաց Այվազյանը։

Նման պայմաններում, նշեց նա, ցանկացած այլ նախագահ, որին չի սատարի խորհրդարանական մեծամասնությունը, կփորձի կազմավորել նոր կառավարություն, սակայն դա անհնար է օրենքով և կարող է երկրին կանգնեցնել քաղաքական ճգնաժամի առաջ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին, նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու։--0—