Հայ սամբիստները կպայքարեն ՌԴ նախագահի գավաթի համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ սամբիստները մասնակցելու են Ռուսաստանի նախագահի գավաթի միջազգային առաջնությանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը։
Նրա խոսքերով, փետրվարի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում մեկնակող առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են երկու մարզիկներ՝ Վահան Վարդանյանը՝ 54 կգ քաշային կարգում և Աշոտ Դանիելյանը (մինչև 74 կգ)։
«Հայ սամբիստներն առաջին անգամ են պայքարելու Ռուսաստանի նախագահի գավաթի համար։ Ես առանձնահատուկ ակնկալիքներ ունեմ Դանիելյանի ելույթից և հույս ունեմ նրան տեսնել եզրափակիչում»,- նշեց ֆեդերացիայի նախագահը։
Հայրապետյանը տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցում են ուժեղագույն մարզիկներ՝ աշխարհի և Եվրոպայի գավաթակիրներ։
Հայ սամբիստ Աշոտ Դանիելյանը Եվրոպայի 2007թ. առաջնության արծաթե մեդալակիր է, իսկ Վահան Վարդանյանը նախորդ տարի զբաղեցրել է աշխարհի առաջնության հինգերորդ տեղը։
Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի հավաքականի մարզիչ Էռնեստ Միրզոյանը և միջազգային կարգի դատավոր Էդուարդ Ասլանյանը։ Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը։--0—