Տեր-Պետորսյանը դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրություններին նրա մասնակցությանը խոչընդոտող արգելքներն անհաղթահարելի ճանաչելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրություններին նրա մասնակցությանը խոչընդոտող արգելքներն անհաղթահարելի ճանաչելու հայցադիմումով։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ նրանից անկախ պատճառներով առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին։
Որպես պատճառ, մասնավորապես, Տեր-Պետորսյանը մատնանշում է, որ Հանրային «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված և գրանցված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:
Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված և հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը որևէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուրի» հակաքարոզչությունը։
Հայտարարությունում շեշտվում է նաև, որ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետևանքները։
«Սակայն այդ նախաձեռնությունները որևէ դրական արդյունքի չեն բերել»,- նշվում է հայտարարությունում։
Դիմողը որպես խոչընդոտ է դիտարկում նաև այն, որ մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, «այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետևանքները և մասնակցել ՀՀ Ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»:
«Դիմողը խնդրում է սահմանադրական դատարանին` 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՍԴ լրատվական ծառայությունից, Սահմանադրական դատարանն, օրենքով սահմանված կարգով, ավարտել է դիմումի նախնական ուսումնասիրումը, աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության և նախապատրաստում է դատաքննությունը:
ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, նախագահի թեկնածուներից որևէ մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:--0--