Երևանում ընդունվել է Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի մասին հռչակագիր

08.02.2008, 13:49
Երևանում ընդունվել է Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի մասին հռչակագիր
Երևանում ընդունվել է Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի մասին հռչակագիր

Երևանում անցկացվող «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովի մասնակիցները ուրբաթ ընդունել են եզրափակիչ հռչակագիր։

 Հռչակագրի հիմնական գաղափարը Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը միավորող նոր տարածաշրջանի ստեղծման մասին առաջարկն է։

Միաժամանակ, ինչպես գիտաժողովի փակման ժամանակ նշեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, փաստաթուղթը որոշ մշակման կարիք ունի։

«Խմբագրված փաստաթղթի հիման վրա մենք առաջարկում ենք ստեղծել մի փաստաթուղթը, որը մինչև փետրվարի վերջ կներկայացվի գիտաժողովի մասնակից-պետությունների ղեկավարներին, այդ երկրների խորհրդարաններին և կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին», - ասաց Սարգսյանը։

Ընդունելով հռչակագիրը՝ մասնակիցները ճանաչել են տարածաշրջանի երկրների խաղաղ զարգացման ընդհանուր-տարածաշրջանային միավորող գաղափարի սահմանման հրատապությունը, իսկ որպես առաջին քայլ՝ տարածաշրջանի երկրների լիազոր ներկայացուցիչներին առաջարկված է ընդունել «Հուշագիր», որտեղ կներկայացվի ընդհանուր հիմնահարցերը, ինտեգրացիայի և ինտեգրացիոն ակնկալիքների ու ռիսկերի ներուժի և հեռանկարի ուսումնասիրությունը, աշխարհատարածքային հիմնախնդիրների լուծման տարբերակների մոդելավորումը։

«Որպես միավորիչ գաղափար մենք առաջարկում ենք ընդունել ազգային-հումանիտար խնդիրները, որոնք իհարկե յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն լուծել, սակայն հարևան պետությունների հետ համագործակցելով՝ արդյունավետությունն առավել մեծ կլինի», - եզրափակեց Սարգսյանը։

Նախօրեին Երևանում մեկնարկած «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական կոնգրեսը։

Միջոցառման մասնակցում են փորձագետներ և հասարակական գործիչներ Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Չինաստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Սիրիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիվանագետներ և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։-0-