Արտաշատում Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը քննում է հատուկ քննչական խումբ

08.02.2008, 12:37
Արտաշատում Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը քննում է հատուկ քննչական խումբ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրավահավաքի ժամանակ Արտաշատում փետրվարի 6-ին տեղի ունեցած միջադեպը քննում է հատուկ քննչական խումբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, խումբը ստեղծվել է Արարատ մարզի քննչական բաժնում։

«Ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Զննվել են հանրահավաքի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել որոնողական աշխատանքներ խուլիգանական արարքներ կատարած անձանց ինքնությունը բացահայտելու, վկաներին հայտնաբերելու ուղղությամբ», - նշեց նա։

Անհրաժեշտ բացատրություններ են տվել երկու քաղաքացիներ, որոնք տուժել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պատճառով, ինչպես նաև նախկին նախագահի թիկնապահ Սարգիս Հովհաննիսյանը, որը ստացել էր մարմնական թեթև վնասվածքներ։

Միաժամանակ Հովհաննիսյանը դժվարացել է նկարագրել իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց՝ ասելով, որ կարող է ճանաչել  միայն նրանցից երկուսին:

«Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը,  թե Ս.Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց իրականությանը չի համապատասխանում: Նա շարունակում է  կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին քննչական խմբին հայտնել է անձամբ», - ասաց նա։

Նրա խոսքերով, տեսաերիզների զննությամբ և նախաքննությամբ չեն հիմնավորվել նաև հանրահավաքի ժամանակ հարթակի վրա, հռետորների ուղղությամբ սառցե բեկորներ կամ այլ իրեր նետելու մասին հրապարակումները:

Ինչպես ավելի վաղ գործակալությանը տեղեկացրել էին ՀՀ ոստիկանությունից, ընտրողների հետ Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպման ժամանակ Արտաշատում նա և իր կողմնակիցները անձնական վիրավորանքներ են թույլ տվել մի շարք պաշտոնյա անձանց հասցեին։

Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են դադարեցնել անարգի և վիրավորական արտահայտությունները, որից հետո Լ.Տեր-Պետրոսյանի մոտ կանգնած մարդկանցից մի քանի տղաներ հարձակվել են նրանց վրա, քաշքշել, հարվածել։ Տուժածների կողմնակիցները պատասխան գործողությունների են դիմել։ Միջադեպի մասնակիցների ինքնությունը բացահայտված է, նրանք տեղափոխվել են Ոստիկանություն և ուղարկվել դատաբժշկական քննության։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ 258 –րդ հոդվածի երկրորդ մասով (առանձնահատուկ ցինիզմով իրականացված հասարակական կարգ ու կանոնի կոպիտ խախտում)։-0-