Թուրքիան պաշտոնական մակարդակով շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ.փորձագետ

07.02.2008, 19:20
Թուրքիան պաշտոնական մակարդակով շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ.փորձագետ

Թուրքիան պաշտոնական մակարդակով շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ, հայտարարեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում անցկացվող «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները-տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման գործում հնարավոր գործընկերներ» երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում։

«Փաստորեն այս իրավիճակը ստեղծվել է թուրքական դիվանագիտության կողմից և վերջինիս կողմից բավականին մտածված գործողությունների արդյունքն է»,-ասաց նա։ Սաֆրաստյանը նշեց, որ այս հարցում դերակատարում ունեն երկու երկրների տարբեր կարգավիճակները, ինչպես տնտեսական, ռազմական և քաղաքական առումներով, այդպես էլ աշխարհաքաղաքական տեսակետից։

«Թուրքիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, Թուրքիան Հայաստանի հետ հաստատել է փակ սահմանի հատուկ ցամաքային ռեժիմ և նախապայմաններ է առաջ քաշում, որոնց իրականացումից հետո հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Սաֆրաստյանը նշեց, որ հայկական դիվանագիտությունը զիջում է թուրքականին։ Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած տարիների ընթացքում բավարար ակտիվություն չի ցուցաբերել, որպեսզի մի կողմից նպաստի իր առջև դրած խնդրի իրականացմանը, մյուս կողմից, որպեսզի համարժեք ներկայացնի միջազգային հանրությանը ստեղծված իրավիճակը։

Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր և անհրաժեշտ է նորմալացնել՝ ելնելով ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային իրողություններից։

«Երկու պետություններ էլ պետք է ունենան նորմալ դիվանագիտական հարաբերություններ, գործող սահման անցման նորմալ ռեժիմով, և պետությունների միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն ոչ թե վիճաբանությունների և սուր արտահայտությունների մակարդակով, որոնք վնաս են հասցնում հարևան երկրի վարկին, այլ բանակցությունների և երկկողմ քննարկումների ճանապարհով։ Հայ-թուրքական հարաբերությունների համար սա իդեալ է, որին մենք պետք է ձգտենք»,-ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։-0-