Հայաստանի մասնակցությունը ուրանի հարստացման գործընթացին երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղկացուցիչն է
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մասնակցությունը Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գործունեությանը երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղկացուցիչը կդառնա։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։
Նրա խոսքերով, 2007 թ.-ին Ռուսաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է Ուրանի հարստացման միջազգային կ ենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր, և այսօր Հայաստանը և Ռուսաստանը կարծիքներ են փոխանակել՝ այդ համաձայնագրին միանալու վերաբերյալ։
«Այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին երաշխավորված ձևով և մատչելի գներով ձեռք բերել միջուկային վառելիք։ Բացի այդ, Հայաստանը կարող է նաև մասնակցել կենտրոնի գործունեությանը կոմերցիոն հիմունքներով՝ շահութաբաժին ստանալու նպատակով», - ասել է նախարարը։
Մովսիսյանը հիշեցրել է, որ 1993 թ.-ին Հայաստաը միացել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրին։
«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում գոյություն ունեն ուրանի հանքավայրեր, և այժմ Ռուսաստանի հետ համատեղ ընթանում են հետախուզական աշխատանքները», - ասել է նա։
Մովսիսյանը նշել է, որը ստորագրված համաձայնագիրը թույլ կտա, ուրանի հայտնաբերման դեպքում, մշակել այն կենտրոնում, տեղափոխել ուրանի անհրաժեշտ քանակություն Հայաստան, իսկ նրա մնացած մասը կենտրոնի միջոցով իրացնել ողջ աշխարհում։
Ուրանի հարստացման միջազգային կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ 2007 թ. մայիսին Անգարսկ քաղաքում (Իրկուտսկի երկրամաս)։-0-

