Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է. նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պետ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը։
«Իմ կարծիքով, գոյություն չունի Ղարաբաղ անկախ պետություն. Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, և հայ ու ղարաբաղցի ժողովուրդների տարանջատում չպետք է լինի»,- հայտարարեց Շահինյանը։ Նրա գնահատականով, բոլոր նրանք, ովքեր այլ հայտարարություններ են անում, «մեր մտածողության մեջ դավաճանության մի կաթիլ են ավելացնում»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

