Նախագահական ընտրություններում երկրորդ փուլը բացառվում է. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրություններում երկրորդ փուլը բացառվում է, կանխատեսում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
«Վեց սոցիալական հետազոտությունների արդյունքներով, որոնք անցկացրել է մեր կենտրոնը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ունի կայուն ընտրազանգված՝ 55-60 տոկոս, որը ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում նրա հաղթանակի գրավականն է»,- չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց նա։
Միաժամանակ Ադիբեկյանը նշեց, որ, ըստ հարցումների, նախընտրական արշավի առաջատարների եռյակի մեջ են նաև ընդդիմադիր «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնց ընտրազանգվածը կազմում է 13 տոկոս և 11 տոկոս՝ համապատասխանաբար։ Նա ավելացրեց, որ նախագահի մյուս վեց թեկնածուները չեն հավաքի նույնիսկ 5 տոկոս ձայներ։
Նրա խոսքերով, ներկա դրությամբ հայտնի չէ քաղաքացիների միայն 23 տոկոսի ընտրությունը։ Ընդ որում, նրանց 12 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու ընտրությունների օրը, իսկ 11 տոկոսը մերժել են ասել իրենց ընտրության մասին։
«Մեզ հայտնի չէ հարցվածների միայն 23 տոկոսի ընտրությունը, սակայն դա շատ փոքր տոկոս է՝ ընտրությունների երկրորդ փուլ ունենալու համար»,- նշեց նա։
Բացի այդ Ադիբեկյանը նշեց, որ նույնիսկ ընդդիմադիր թեկնածուների միավորվելու դեպքում գործող վարչապետի ընտրազանգվածը կայուն է և կապահովի նրա հաղթանակը առաջին փուլում։
«Այսպես, եթե ընդդիմությունը միավորվի Բաղդասարյանի շուրջ, ապա նա Սագսյանի ընտրազանգվածից կհավաքի լրացուցիչ 13,5 տոկոս ձայն, իսկ եթե միավորվի Տեր-Պետրոսյանի շուրջ, ապա նրա 11 տոկոսին կավելանա ոչ ավել, քան 4 տոկոս»,- ասաց նա։ Այսպիսով, ամփոփեց սոցիոլոգը, ամեն դեպքում Սարգսյանը կունենա բացարձակ մեծամասնություն։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—