Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵՄ «եռյակի» այցին հանրապետություն
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵՄ «եռյակի» այցին հանրապետություն, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«ԵՄ «եռյակի» այցը Հայաստան հանրապետության համար կարևորագույն իրադարձություններից է՝ երեք պատճառներով. նախ, Երևանում բացվեց ԵՄ նոր կենտրոնը, երկրորդ, այցը տեղի է ունենում «Նոր հարևանության» եվրոպական քաղաքականության ակտիվ իրականացման շրջանում, երրորդ, պատվիրակությունը Հայաստան է այցելել երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքերով, «եռյակի» հետ նրա հանդիպման շրջանակներում քննարկվել են վերոնշյալ հարցերը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ ԵՄ «եռյակի» այցելության շրջանակներում Հայաստանը հավաստել է իր նվիրվածությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական քաղաքացիական հասարակության ստեղծմանը։
Երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԵՄ նախարարական «եռյակի» պատվիարկությունը, որի կազմում են ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Եվրամիության նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորնը, պաշտոնական այլ անձինք։
Այցի ընթացքում նախատեսված են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
Փետրվարի 5-ին Բենիտա Ֆեռերո Վալդները և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կատարել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության նոր շենքի բացումը։ --0—