Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն հեռանկար ունեն. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն հեռանկար ունեն, չորեքշաբթի Երևանում, ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ նախագահն ասել է, որ դրանք ունեն փայլուն հեռանկար»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
«Տնտեսական կապերը դարձել են երկկողմ համագործակցության լոկոմոտիվ, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերում, իրականացվել են հզոր ծրագրեր և ակնկալվում է, որ այդ ներգրավվածությունն ավելի կընդլայնվի»,- նախագահի խոսքերը մեջբերեցին լրատվական ծառայությունից:
Երկրի ղեկավարը հատկապես շեշտել է ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների դինամիկ զարգացող գործակցությունը:
Կողմերը նշել են, որ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարին մոտեցող ապրանքաշրջանառությունն, արդեն իսկ արձանագրված արդյունքները լավ նախադրյալներ են ստեղծել՝ առավել մեծածավալ և խոստումնալից ծրագրերի համար:
Զրուցակիցները կարծում են, որ տնտեսական հաջողությունները պայմանավորված են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով:
Քոչարյանը և Զուբկովը երկկողմ հարաբերություններում կարևորել են նաև հումանիտար, մշակույթի և կրթության ոլորտներում ակտիվ փոխգործակցությունը։-0-