ՌԴ-ն և Հայաստանը պայմանավորվել են նորացնել առևտրի ոլորտի պայմանագրային-իրավական բազան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը և Հայաստանը փաստաթղթեր են ստորագրել՝ երկու երկրների միջև առևտրի և տեղեկատվության ոլորտներում պայմանագրային-իրավական բազան նորացնելու մասին։
ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի Երևան այցի շրջանակներում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում, արձանագրություն է ստորագրվել՝ ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրում (1992թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված) փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարության և ՀՀ տարնսպորտի և կապի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային կապի և էլեկտրոնային կապի ոլորտներում համագործակցության մասին։
«Կոնկրետ գործնական արդյունքներից կցանկանայի նշել տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում երկկողմ առևտրի զարգացման ռեժիմի կատարելագործման և համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Զուբկովը։
Նա նշեց, որ ՀՀ վարչապետի հետ բանակցությունները «բավական հաջող» են անցել։ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերոջ կարգավիճակը»,- ասաց նա։
Զուբկովը հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճել է 60 տոկոսով և 2007 թվականին կազմել է ավելի քան 700 միլիոն դոլար։
«Մենք կարծում ենք, որ սա դեռ սահմանագիծ չէ։ Կարծում ենք, որ ոչ հեռավոր ապագայում մենք կգերազանցենք միլիարդ դոլարի սահմանագիծը»,- ասաց ՌԴ վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ կուտակված ռուսական ներդրումներն արդեն կազմել են 1 միլիարդ դոլար։
«Սա այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու մեր մտադրություններն ապացուցող լուրջ փաստարկ է, առավել ևս, որ համատեղ ներդրումային ծրագրերը բավական հաջող են ընթանում և նորանոր ոլորտներ են ներգրավում»,- ասաց Զուբկովը։ Խոսքը ատոմային էներգետիկայի, ալմաստի-ադամանդի արտադրության և հեռահաղորդակցության մասին է, պարզաբանեց նա։
ՌԴ վարչապետը հատկապես կարևորեց երկու երկրների երկաթուղային տրանսպորտի ոլորտում ունեցած փոխգործակցությունը։
«Վստահ եմ, որ Կովկաս-Փոթի լաստանավային կանոնավոր փոխադրումների կազմակերպումը, բառիս բուն իմաստով, հարստացնելու է մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց նա։
Զուբկովի խոսքերով, արդեն հաջողությամբ իրականացվել է Հայաստանից Ռուսաստան ցեմենտի մատակարարման առաջին խմբաքանակի նախագիծը։ «Ես կարծում եմ, որ լավ հեռանկարներ կան Ռուսաստանին ցեմենտ, խիճ և այլ շինանյութ մատակարարելու համար։ Դրանում շահագրգիռ են ռուս շինարարները, հատկապես՝ Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախաշեմին»,- ասաց նա։
ՌԴ վարչապետը նաև հայտարարեց, որ ռուս-հայկական հարաբերությունների «տնտեսական հիմքի» ամրապնդումը ազդում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վրա՝ բոլոր ուղղություններով։ «Նախևառաջ, դա զգալի սոցիալական արդյունք է տալիս երկու երկրների քաղաքացիների համար»,- ասաց նա։ Զուբկովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանը և Հայաստանը տրամադրված են համատեղ լուրջ աշխատանքի։
«Դրանցում գլխավոր կողմնորոշիչը Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա կապերի զարգացման, դաշնակցային գործընկերության ռազմավարական հարաբերությունների բարձր մակարդակի պայմանավորվածություններն են։ Մենք անվերապահորեն հետևելու ենք դրանց»,- ընդգծեց նա։
Վարաչպետների միջև բանակցությունների արդյունքներով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև արձանագրություն է ստորագրվել՝ «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին Հայաստանի երկաթգծի համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին։ Հայկական երկաթուղու կառավարումն իրականացնելու պարտականությունները դրվել են «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ի վրա (ՌԵ-ի հարյուտոկոսանոց դուստր ձեռնարկություն)։
Բացի այդ, Հայաստանի և «Ռոսատոմի» միջև հուշագիր է ստորագրվել՝ «Ուրանի հանքերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին», ինչպես նաև հայտագրեր են փոխանակվել՝ «ՌԴ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ։ ՌԴ և ՀՀ վարչապետները է նաև համատեղ հայտարարություն են ընդունել՝ Հայկական ԱԷԿ-ի օգտագործման հուսալիության և անվտանգության բարձրացման բնագավառում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ատոմային էներգետիայի զարգացման մասին: --0—