Հայկական երկաթուղին Ռուսական երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնելը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հիմնախնդիրների լուծմանը. Սերժ Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական երկաթուղին Ռուսական երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնելը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հիմնախնդիրների լուծմանը, չորեքշաբթի Երևանում, ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Մենք վստահ ենք, որ հետագայում դա մեծ նշանակություն է ունենալու կապերն ընդլայնելու հարցում, քանի որ երկկողմ հարաբերությունների տրանսպորտային բաղկացուցիչը հսկայական է»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ Սոչիում Օլիմպիադա-2014 անցկացնելու նախաշեմին անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ շինարարական աշխատանքներ։
«Հայաստանն ունի մեծ քանակությամբ շինանյութ, այդ թվում՝ ցեմենտ և խիճ, և մենք հենց այդ ճանապարհով կարող ենք մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը»,- ասաց նա։
Իր հերթին, Վիկտոր Զուբկովը հատկապես նշեց երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկու երկրների փոխգործակցության մասին։
«Վստահ եմ, որ Կովկաս-Փոթի լաստանավով կանոնավոր փոխադրումների կազմակերպությունը բառիս բուն իմաստով հարստացնելու է մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- աասց նա։
Այս կապակցությամբ Զուբկովն ավելացրեց, որ առաջին նախագիծն արդեն իրականացվել է և բավական հաջող։
«Հայաստանից Ռուսաստան արտահանված ցեմենտի առաջին մասնաքանակը ցույց տվեց, որ ցեմենտը մրցունակ ապրանք է։ Ես կարծում եմ, որ լայն հեռանկարներ կան Ռուսաստանին ցեմենտ, խիճ և այլ շինանյութեր մատակարարելու համար»,- ընդգծեց նա, պարզաբանելով, որ ռուս շինարարները շատ կհետաքրքրվեն այդ շինանյութերով, առաջին հերթին՝ 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի հետ կապված։
2008թ. հունվարի 16-ին «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ ՌԵ-ն արդեն հայտարարել է «Հայկական երկաթուղիներում» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Բացի այդ, ՌԵ-ը «Հայկական երկաթուղիների» ընդհանուր հասույթից տարեկան 2 տոկոսը փոխանցելու է Հայաստանի պետբյուջեի հաշվին։ --0—