ԵՄ-ն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը
ԵՄ-ն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումը, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը։
«ԵՄ-ն դեմ է յուրաքանչյուր հակամարտության ռազմական կարգավորմանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության։ Եվրամիությունը փորձում է օգտագործել ժողովրդավարության սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և հաստատել հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ», - ասաց նա։
Ռուպելի խոսքերով, Եվրամիությունը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գործադրվող դիվանագիտական ջանքերը կունենան դրական արդյունքներ։ Միաժամանակ ԵՄ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված պետական իշխանության մարմինները հետագայում ևս կնպաստեն հակամարտության կարգավորմանը։
«Մասնավորապես, Հայաստանում գործում են շատ քաղաքական գործիչներ, որոնք համարձակորեն գործում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Դրանց թվում անհրաժեշտ է նշել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին», - ավելացրեց Ռուպելը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ --0-